Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացնելու քրեական գործը կարճելու վերաբերյալ: Այդ մասին փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է այսօր` հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում:
Փաստաբանը պնդել է, որ Օսկանյանի դեմ հարուցված քրգործում իրավաբանություն քիչ կա,այն կապված է ոչ թե բուն տվյալների, այլ քաղաքական զարգացումների հետ, այլապես այն պարտավոր էին անմիջապես կարճել:
Անդրադառնալով դատախազության գործողություններին` Տիգրան Աթանեսյանը նշել է, թե նրանք դատաիրավական փորձաքննության եզրակացությունը եւ մեղադրանքի որոշումը ներկայացնում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Այդուհանդերձ, չնայած քաղաքական բաղադրիչին եւ կամայականություններին` փաստաբանը շարունակելու է իրավական միջոցներով հասնել գործի կարճմանը:
Հիշեցնենք, որ «ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից մայիսի 25-ին հարուցվել էր քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»: Վարդան Օսկանյանը գործում ընդգրկված է որպես մեղադրյալ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























