Երեւանում շուտով կգործի երկրաշարժերի մասին իրազեկող կարճ հաղորդագրությունների համակարգ: Համակարգը ներդրվել է «Հայաստանում սեյսմիկ ռիսկերի կառավարման պլանավորում եւ գնահատում» երկամյա ծրագրի շրջանակում, որը 2010-2012թթ. համատեղ իրականացնում են ՀՀ ԱԻՆ-ը եւ Միջազգային համագործակցության ճապոնական գործակալությունը (JICA): Համակարգն արդեն ամրագրված է, սակայն բջջային կապի օպերատորների հետ կապված տեխնիկական պատճառներով դեռ չի գործում:
«Տեխնիկական որոշակի համալրում է անհրաժեշտ, որպեսզի օպերատորները հարկ եղած արագությամբ ուղարկեն հաղորդագրությունները: Տեխնիկական եղած հնարավորությունները դեռ թույլ չեն տալիս Ճապոնիայի նման վայրկյանում հազարավոր հաղորդագրություններ ուղարկել: Այժմ բջջային կապի երեք օպերատորների հետ աշխատանք է տարվում` հաղորդագրությունների ուղարկման առավելագույն արագությանը հասնելու համար», -NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը: Նրա խոսքով, ծրագիրը նախատեսում են սկսել մոտ մեկ ամսից:





























