Վարդան Օսկանյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը ոչ մի տեղ չի քննարկվել եւ Լեւոն Զուրաբյանը չի հասկանում, թե ինչու այդ հարցին ինքը պետք է պատասխանի: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն՝ արձագանքելով դիտարկմանը, թե ըստ որոշ լուրերի, Արեւմուտքի ծրագրերի համաձայն, Վարդան Օսկանյանը նախագահի թեկնածու է առաջադրվելու:

Նա ընդգծեց, որ ՀԱԿ-ն ունի իր թեկնածուն՝ հանձինս Լեւոն Տեր-Պետրոսյանի, սակայն անմիջապես հավելեց, որ Տեր-Պետրոսյանի առաջադրման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա: «Մինչեւ օրենքով սահմանված ժամկետը մենք այդ հարցին կպատասխանենք»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունն արդեն անհանգստացնում է, Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Շատ լավ է, թող անհանգստանան: Ինչքան անհանագստանան, այնքան շատ ադրենալին կարտադրվի: Մենք պետք հասկանանք՝ ինչ ռեսուրսների տեր ենք նաեւ դաշանակիցների առումով: Պետք է հասկանանք նաեւ հետընտրական զարգացումներում ինչ խնդիրներ ենք ունենալու: Այդ ամբողջի վերլուծությունը դեռ ընթացքի մեջ է»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն ինքը, Նիկոլ Փաշինյանը կամ Խաչատուր Սուքիասյանն առաջադրվեն, ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ դրանք անիմաստ քննարկումներ են:

Նա արձագանքեց նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե նախագահի հաղթող թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու եւ մնացած բոլոր թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար: Զուրաբյանը կարծում է, որ իշխանությունները մոտ 700 հազար ձայն ունեն արդեն իրենց գրպանում: «Շարմազանովը շատ լավ գիտի, թե ինչ կեղծիքների, ռեսուրսների տեր մարդիկ են իրենք: Նրա հայատարությունը վկայում է այս իշխանությունների ոչ դեմոկրատական բնույթի մասին: Դեմոկրատական պետություններում նման հայտարարություն չէր կարող հնչել, որովհետեւ դեմոկրատական ընտրությունների դեպքում ոչ մի թեկնածու չի կարող համոզված լինել, որ ինքը շահելու է ժողովրդի աջակցությունը: Իսկ երբ նման հայտարարություն են անում, ըստ էության, ասում են հետեւյալը. «Մենք ավտորիտար պետություն ենք, որը կեղծում է ընտրությունները, եւ ոչ ոք մեր թեկնածուին հաղթելու շանս չունի: Սա ինքնախոստովանություն է ընտրակեղծարար լինելու մասին»,- ավելացրեց Լեւոն Զուրաբյանը: