Վրաստանի ապագա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դեմ է հանդես եկել Սոչիում կայանալիք օլիմպիադան բոյկոտելու գաղափարին: Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, բրիֆինգում նոր կառավարության կազմը հրապարակելուց հետո, նա հայտարարել է, որ Վրաստանը պետք է մասնակցի 2014 թվականին Սոչիում կայանալիք օլիմպիադային:

«Վրաստանը պետք է մասնակցի Օլիմպիադային եւ որպես հարեւան երկիր պետք է անի ամեն բան, որպեսզի Օլիմպիադան անցնի խաղաղ եւ առանց ցնցումների»,-ասել է Իվանիշվիլին, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչները բազմիցս կոչ են արել բոյկոտել Ռուսաստանում կայանալիք օլիմպիադան: Թբիլիսին բազմիցս միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել փաստի վրա, որ օլիմպիական օբյեկտների շինարարության համար ռուսական կողմն ակտիվորեն օգտագործում է ենթակառուցվածքներ ու շինարարական ապրանքներ Աբխազիայից, որի անկախությունը Ռուսաստանը միակողմանիորեն ճանաչել է 2008 թվականին:

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակակի Մինաշվիլին հաստատել է, որ եթե չհաջողվի հասնել Օլիմպիադայի անցկացման երկրի փոփոխության, ապա «ժողովրդավարական երկրները պետք է բոյկոտեն այդ Օլիմպիադան»:

2008-ի աշնանը վրացական կողմը դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտե՝ խնդրելով վերանայել 2014 թվականի օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրությունը, սակայն մերժում է ստացել: