Հայկական պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 57-րդ նիստին, որը բացվեց հոկտեմբերի 16-ին Աշխաբադում: Պատվիրակության կազմում ընդգրկված են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Ընկերության գլխավոր տնօրենի համագործակցության եւ լոգիստիկայի գծով տեղակալ Անատոլի Դանչենկոն եւ Տրանսպորտի եւ կապի նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Հովհաննիսյանը:

Նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել մի շարք կարեւոր հարցեր, մասնավորապես, մասնակից երկրների գնացքների չվացուցակների չափանիշները  2013-2014 թթ. համար, երկաթուղային վարչությունների միջեւ փոխհաշվարկների իրականացման գործընթացը, երկաթուղիների 2013 թ. Սակագնային քաղաքականությունը միջազգային բեռնափոխադրումների ժամանակ, բեռնատար վագոնների կառավարման եւ շահագործման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը:

Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվեց 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքը համակարգման համար:

Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան,  Վրաստանը,  Լատվիան եւ Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաեւ Լիտվան եւ Էստոնիան:

Դիտորդի կարգավիճակ Խորհրդում ունի Երկաթուղու աշխատողների եւ տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան: