«Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակում Հայաստանից Սիրիայի Հալեպ քաղաք ուղարկված մարդասիրական օգնությունն արդեն բեռնաթափվել է եւ մոտ օրերս կբաշխվի բոլոր կարիքավորներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար ժիրայր Ռեիսյանը:
Ըստ նրա՝դեպի Հալեպի օդանավակայան տանող ճանապարհին անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով ինքնաթիռը բեռնաթափվել է միայն այսօր առավոտյան: Մարդասիրական օգնությամբ բեռնված մեքենաներն արդեն գտնվում են Սիրիահայերի միացյալ շտաբի հալեպահայերի օգնության շտաբում:
«Չնայած որ Հայաստանից մարդասիրական օգնությունը նախատեսված է միայն սիրիահայերի համար, սակայն այն կհատկացվի բոլոր կարիքավորներին՝ անկախ կրոնական եւ ազգային պատկանելությունից: Դա կլինի Հայաստանի օգնությունը ոչ միայն հայրենակիցներին, այլեւ սիրիահայերի համար երկրորդ տուն դարձած երկրի քաղաքացիներին», - նշել է Ռեիսյանը:
Հիշեցնենք, որ «AIR Armenia» ինքնաթիռի չվերթը, Էրզրումի օդանավակայանում միջանկյալ վայրէջքով, ուղեկցվել էր խառնաշփոթով: Թուրքական լրատվամիջոցները շտապել էին տարածել, որ «հայկական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել», չնայած որ վայրէջքը պլանային էր:





























