Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլիին  Վրաստանի քաղաքացիություն է շնորհել: Այս մասին հոկտեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն:

Նրա խոսքով, Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը ուժի մեջ կմտնի այն ժամանակ,  երբ կավարտվի նրա ֆրանսիական քաղաքացիությունը, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»:

Հիշեցնենք, որ Իվանիշվիլին վրացական քաղաքացիությունից զրկվել էր նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրմանաով 2011 թ-ին այն բանի համար, որ նա միաժամանակ ուներ նաեւ ռուսական եւ ֆրանսիական քաղաքացիություն: Վրացական քաղաքացիությունը վերականգնելու Իվանիշվիլիի բոլոր փորձերը հաջողություն չեն ունեցել: Նա հրաժարվել է ռուսական եւ ֆրանսիական քաղաքացիությունից, թեեւ ֆրանսիական դեսպանատունը խոստացել է նրան զրկել քաղաքացիությունից այն դեպքում, երբ նա կստանա որեւէ այլ երկրի քաղաքացիություն:

2012 թ-ի մայիսին երկրի խորհրդարանը հաստատել է փոփոխությունները, որոնք պասիվ եւ ակտիվ ընտրական իրավունք  են տալիս Եվրամիության երկրների քաղաքցիներին, ովքեր ծնվել են Վրաստանում եւ այնտեղ են ապրում վերջին 5 տարիների ընթացքում: Բիձինա Իվանիշվիլին  այդ փոփոխումները գնահատել է, որպես «մեկ անձի համար ընդունված» եւ հայտնել է, որ հրաժարվում է օգտվել այդ հնարավորությունից: