Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախագահական ընտրությունների նախաշեմին ընդդիմությանն իր շուրջը համախմբելու լավ հնարավորություն ունի: Հոկտեմբերի 16-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ Օսկանյանն արդեն դարձել է ընդդիմության «արեւը»:
Քաղաքագետի խոսքով` Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը կայանալիք ընտրություններին դժվար թե կարողանա հավաքել այնքան համախոհներ, որքան 5 տարի առաջ, երբ նա առաջադրվել էր նախագահական ընտրություններում: «Դեռեւս մեկուկես տարի առաջ ես բերել եմ «Ազգային-դեմոկրատական միության» օրինակը, որը 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո (երբ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը պարտված էր ճանաչվել ընտրություններում- խմբ.) 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում հազիվ հաղթահարեց անցումային շեմը: Ես ասում էի, որ նույնն էլ տեղի կունենա ՀԱԿ-ի հետ: Այդպես էլ եղավ», – հայտարարել է Հ. Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին էլ խանգարում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության տարանջատումը: Եթե նույնիսկ նման փոքր դաշինքը մի քանի ամիս անց ճաքեր է տալիս, ապա դժվար է պատկերացնել, թե այդ պարագայում ինչպես պետք է իր շուրջն ամբողջ ընդդիմությանը համախմբի:
Հիշեցնենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013 թվականին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























