Հայկական «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Սիրիա է ուղարկել մարդասիրական 14 տոննա բեռ: Սյդ մասին այսօր` հոկտեմբերի 16-ին հաղորդել է նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը: «Էյր Արմենիա» ընկերության «Ան-12» բեռնատարով Սիրիա սննդամթերք է առաքվել: Նախաձեռնությանը նյութական օգնություն են տրամադրել Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամը, «ՎիվաՍել-ՄՏՍ», «Արմսվիսբանկ», «Հարվալ մաշիների», «Պրոտոն», «Իզոտոպ դելտա», «Միկմետալ» ընկերությունները, իսկ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրենը եւ եւս 6 աշխատակիցներ անձնական միջոցներ են հատկացրել:
Անձնական միջոցներ են տրամադրել նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ եւ շարքային քաղաքացիներ, նրանցից մեկը՝ թոշակառու, բերել էր 2 հազար դրամ: «Մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուրի ներդրումը: Կան մարդիկ, որոնց համար այդ 2 հազար դրամը մեծ գումար է, այդ պատճառով նրանց ոչ պակաս շնորհակալ ենք», – հայտարարել է նախաձեռնության այլ անդամ Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի օգնությունը կարեւոր էր, քանի որ թույլ կտա իրականացնել նոր չվերթներ:
«Մեր նախաձեռնության շուրջ նաեւ մեծ թվով երիտասարդներ են համախմբվել», - պատմել է Լ. Գալստյանը:
Մթերքները եւ աքսեսուարները տրամադրել էին ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը, Հայաստանի Ագրարային համալսարանը, «Ալեքս Գրիգ», «Արտֆուդ», «Աշտարակ կաթ», «Մարիաննա», «ՍԱՍ գրուփ», «Գրանդ հոլդինգ» ընկերությունները եւ այլք:
Ըստ Վ. Հովհաննիսյանի՝ Սիրիայում օգնությունը կփոխանցվի Սիրիայի Կարմիր Մահիկի միջազգային կազմակերպությանը եւ Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմին՝ որպես չեզոք կազմակերպություններ: «Սիրիան մեզ բարեկամ երկիր է, իսկ նրա ժողովուրդը՝ բարեկամ ժողովուրդ, անկախ լեզվական եւ կրոնական տարբերություններից », – հայտարարել է Վ. Հովհաննիսյանը:





























