Ռուս-հայկական բարեկամության հուշահամալիրի տարածքում (Վանաձոր եւ Սպիտակ քաղաքների միջեւ), Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան եւ  «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության հովանու ներքո, հոկտեմբերի 17-ին կկայանա 1804թ. պարսից զորքերի դեմ անհավասար մարտում ընկած ռուս 104 մարտիկների եւ հայ 60 կամավորների հիշատակին նվիրված հանդիսավոր արարողությունը

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի  ներկայացուցչության մամուլի ծառայությունից, միջոցառումը կազմակերպում են Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, ռուսական 102-րդ ռազմակայանը եւ Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանային վարչության Լենինականի  սահմանապահ ջոկատը, Լոռու մարզի վարչակազմը, Վանաձորի ռազմական կայազորը եւ ռուս հայրենակիցների կազմակերպությունը:

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, Լոռու մարզպետը, Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալը, ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման հրամանատարը, Երեւանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարը,  ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարը, Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանային վարչության Լենինականի  սահմանապահ ջոկատի հրամանատարը:

Փամբակի ճակատամարտում 1804թ. ընկած ռուս մարտիկների եւ հայ կամավորների հիշատակին նվիրված հանդիսավոր արարողության ընթացքում ռուսերեն եւ հայերեն պատարագ կմատուցվի` զոհերի հոգիների հանգստության համար: Պսակները դնելուց հետո հավաք կկայանա: Նախատեսված է նաեւ հայ եւ ռուս զինծառայողների հանդիսավոր շքերթ, դաշտային խոհանոց: