Իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, ըստ որի հետաձգվել է «Ընդհատված երգ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում ներկայացված  է 20 տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմական գործողությունների  ժամանակ փոսն ընկած հայ եւ ադրբեջանցի զինվորների պատմությունը: Այս մասին հաղորդել է ժապավենի գործադիր պրոդյուսեր Գոհար Գեւորյանը` « Գոլոս Ռոսսիին» տված հարցազրույցում: Ինչպես եւ նախատեսվել էր, ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 10-ին Մոսկվայի Կինոարտադրողների միության կինոյի տանը, որին կմասնակցեն Ռուսաստանի հայկական  եւ ադրբեջանական սփուռքի ներկայացուցիչները:

Գոհար Գեւորգյանի խոսքով, օրերս տեղի է ունեցել ֆիլմի փակ ցուցադրությունը: Ֆիլմի պրեմիերայի ձգձգման հարցին Գեւորգյանը պատասխանել է, որ այն պայմանավորված էր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից` մոսկովյան հայերի կողմից ղարաբաղյան հակամարտության մասին ֆիլմ նկարահանելու գաղափարի նկատմամբ  բացասական վերաբերմունքով: «Այդ հրապարկումները ավարտվել են նրանով, որ նկարահանման աշխատանքների կեսից ադրբեջանցի դերասանը հրաժարվել է հետագա աշխատանքից»,-նշել է Գեւորգյանը:

Անդրադառնալով ֆիլմի ֆինանսավորմանը`գործադիր պրոդյուսերը  հայտնել է, որ ֆիլմը նկարահանվել է բացառապես նկարահանող խմբի միջոցներով, որը հրաժարվել է ֆինանսական արտաքին ծրագրերից, քանի որ աջակցության ամեն մի առաջարկ իր հետ սյուժեի աղավաղում էր նախատեսում:

Գեւորգյանը հիշեցրել է, որ ֆիլմի ինտերնետային կայքն է  www.prervannaya-pesnya.ru-ն: