«Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը պետք է նվազեցվի: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության առաջարկությամբ ՀՀ կառավարության հոկտեմբերի 18-ի նիստի օրակարգ է մտել «Մեծամորէներգոատոմի» կանոնադրական կապիտալի նվազեցման հարցը:
«Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թ.` որպես նոր միջուկային էներգաբլոկի կառուցման պատվիրատու: Հիմնադիրներն են ՀՀ կառավարությունը (որի անունից հանդես է եկել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը) եւ ՌԴ «Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ-ն: Կանոնադրական կապիտալը 60 մլն դրամ էր` 50/50 տոկոս մասնակցությամբ: Բաժնետերերից յուրաքանչյուրը վճարել է 30 մլն դրամ: Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացրած տեղեկանքի` անցած ժամանակաշրջանում նշված գումարը օգտագործվել է ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարման, անհրաժեշտ գույքի ձեռք բերման եւ այլ կարիքների համար: Ընկերությունը 2010 եւ 2011 թվականների ընթացքում տնտեսական գործունեություն չի իրականացրել եւ արտադրանքի իրացումից հասույթներ չի ունեցել: Արդյունքում` ընկերության զուտ ակտիվները նվազել են մինչեւ 23 մլն դրամ:
ՀՀ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով` եթե ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության զուտ ակտիվների չափը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել եւ սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազեցումը:





























