«Hyatt Hotels Corporation» ընկերությունը Երեւանում «Hyatt Place» հյուրանոց կբացի: Կորպորացիան հայտարարել է, որ «Hyatt»-ի մասնաճյուղն այդ նպատակով համաձայնագիր է կնքել հայկական «Գինեքար» ընկերության հետ:

«Hyatt Place Yerevan» հյուրանոցը «Hyatt» ընկերության երրորդ հյուրանոցն է Եվրոպայում՝ «Hyatt Place Amsterdam Airport»-ից եւ «Hyatt Place Zurich Airport»-ից հետո: Այս մասին հաղորդում է «4-traders.com»-ը:

«Hyatt Place Yerevan»-ը, որը նախատեսվում է բացել 2013-ի գարնանը, այցելուներին կառաջարկի 96 համարներ, նիստերի դահլիճներ, ռեստորաններ, բար եւ լավ սարքավորված ֆիթնես-կենտրոն: Հյուրանոցը կլինի Հանրապետության հրապարակի հարեւանությամբ, Երեւանի ուղիղ կենտրոնում:

«Մենք ուրախ ենք ներկայացնել«Hyatt Place» բրենդը, որն ակտիվորեն զարգանում է: «Hyatt Place Yerevan»-ի բացումը «Hyatt»-ի համար կարեւոր սկիզբ է, քանի որ մենք սկսում ենք ներդնել բրենդը ողջ աշխարհում»,-ասել է Եվրոպայում «Hyatt International»-ի զարգացման գծով ավագ փոխնախագահ Փիթեր Նորմանը:

«Գինեքար» ընկերության կառավարիչ Սամվել Սարգսյանը հայտարարել է. «Մենք հպարտանում ենք, որ Հայաստանում «Hyatt Place» ենք բացում: «Hyatt Place» բրենդը յուրահատուկ եւ թարմ հայեցակարգ է ներկայացնում եւ մենք կարծում ենք, որ դա շատ հաջող հյուրանոց կլինի, որը կսպասարկի գործարարների ու տուրիստների»:

Նշենք, որ «Hyatt Hotels Corporation»-ն ամերիկյան ընկերություն է, որը բարձրակարգ հյուրանոցների ցանց է կառավարում ողջ աշխարհում: Ընկերության շտաբ-բնակարանը գտնվում է Չիկագոյում: Այն հիմնադրվել է 1957 թվականին: Ընկերության հյուրանոցային ցանցում աշխատակիցների թիվն անցում է մի քանի տասնյակ հազարից: