Այս տարվա հունվարի 13-ին, Տիրենեյան ծովում խորտակված Costa Concordia զբոսանավը ջրասուզակ գողերի սիրելի վայրն է դարձել: Նրանք զբոսանավից տանում են թանկարժեք իրերը, որոնք կարողանում են գտնել՝ ժամացույցներ, թանկարժեք զարդեր, նկարներ եւ նույնիսկ կահույք:
Ինչպես Tgcom24-ին պատմել են Իտալիայի Գրոսետո քաղաքի դատախազությունում, առաջինը Costa Concordia-ից գողացել են զանգը: Նախնական տվյալներով, այն տեղափոխել են հատուկ այդ նպատակով պատրաստված մոտորանավակով: Դրանից հետո ջրասուզակ-դիակապտները սկսել են սուզվել ժամացույցների, թանկարժեք զարդերի հետեւից, որոնք գտնվում են խորտակված նավի խորքերում: Նավից բացակայում են նաեւ մի շարք նկարներ, պատի ժամացույցներ եւ կահույք: Դատախազությունում ենթադրում են, որ եթե նույնիսկ հանցագործներին հաջողվի խուսափել առափնյա ոստիկանությունից, նման սուզումները վտանգավոր են մարդու կյանքի համար, հաղորդում է BFM.RU-ն:
Հիշեցնենք, որ զբոսանավը վթարի է ենթարկվել այս տարվա հունվարի 13-ին Ջիլիո կղզու մոտ: Այս պահի դրությամբ, նավի սեփականատերերին հաջողվել է հայտնաբերել նավի վրա գտնվող թանկարժեք ունեցվածքի 67 տոկոսը՝ 14 հազար դոլար արժողությամբ: Վթարի պահին նավի վրա եղել է 4,2 հազար մարդ, զոհվել է 30 մարդ: Նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյին մեղադրել են անփութության համար:





























