Բելգիայի հյուսիսում, Անվերպենի նահանգում 8 հազար կենդանի հավ տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել: Մեքենան շրջվել է եւ դուրս նետվել ճանապարհի երթեւեկելի մասից: Միջադեպը գրանցվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ի առավոտյան:

Ավտովթարի հետեւանքով սատկել է 5-6 հազար թռչուն: Կենդանի մնացած հավերի վանդակները շպրտվել են ողջ ճանապարհով մեկ: Բեռնատարի վարորդին եւս տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Հավերի մի մասը հայտնվել է ազատության մեջ եւ սկսել ճամփեզրին ձվեր ածել, ինչը խորացրել է քաոսը: Տեղի լրատվամիջոցները նշում են, որ այդ ճանապարհով երթեւեկությունը կվերականգնվի միայն այն բանից հետո, երբ ճանապարհը կլվանան վթարի հետեւանքներից եւ կբռնեն փախած հավերին: