Դիտարկումների հիման վրա Հայաստանում երկրաշարժերի մասին երկարաժամկետ կանխատեսումներ անելը շատ բարդ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության (JICA) հետազոտական խմբի ղեկավար Ֆումիո Կանեկոն:

Ի պատասխան որոշ գիտնականների այն հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին, թե իրենց կարող է հաջողվել երկարաժամկետ կանխատեսումներ անել, փորձագետը նկատեց, որ Ճապոնիայում երկրաշարժերի կանխատեսման բազմաթիվ ուսումնասիրություններ են անցկացվում, սակայն  առայժմ դեռ դրական արդյունքներ չկան: «Հնարավոր են շատ կարճաժամկետ վերլուծություններ` ցնցումից վայրկյաններ առաջ: Սակայն երկարաժամկետ կանխատեսումներ առայժմ հնարավոր չեն», -ընդգծեց նա:

Նրա խոսքով` երկար տարիների դիտարկումների արդյունքում պարզվել է, որ Ճապոնիայում ուժեղ երկարշարժերը որոշակի պարբերականություն ունեն` մոտավորապես  յուրաքանչյուր 100 - 200 տարին մեկ : «Երկարաժամկետ կանխատեսումներ հնարավոր է անել դիտարկումների հիման վրա, ընդ որում` շատ մոտավոր: Օրինակ, կարելի է ասել, որ ստամբուլյան երկրաշարժը կարող է կրկնվել, սակայն դժվար է ասել, թե երբ դա տեղի կունենա: Ցավոք, Հայաստանում իրավիճակն այլ է,  այստեղ դժվար է  խոսել կրկնվող երկրաշարժերի մասին եւ անգամ երկարաժամկետ կանխատեսումներ անել»,-նկատեց փորձագետը: