Եվրոպական կարգավորող մարմինները «Google» ընեկրությունից պահանջում են տվյալների գաղտնիության քաղաքականությունը փոփոխել, պաշտպանելու համար իր ծառայություններից օգտվողների կոնֆիդենցիալության իրավունքը:
«Google»-ի գործող քաղաքականությունը, որը միասնականացնում է ընկերության տարբեր ծառայությունների օգտատերերի անձնական տվյալների օգտագործման կանոնները, ուժի մեջ էր մտել ընթացիկ տարվա մարտին: Սակայն այն առաջացրել էր ԵՄ, ԱՄՆ-ի կարգավորող մարմինների եւ իշխանությունների, ինչպես նաեւ «Microsoft» ընկերության կտրուկ քննադատությունը: Քննադատները կարծում են, որ «Google»-ի քաղաքականությունը մոլորության մեջ է դնում օգտագործողներին, չի նախատեսում համաձայնություն նրանց տվյալները փոխանցելու հարցում եւ չի համապատասխանում անձնական կյանքի գաղտնիության պաշտպանությանը:
Եվրոպական կարգավորիչները «Google»-ին 12 հանձնարարական են առաջարկել` գաղտնիության քաղաքականությունը օրենսդրությանը համապատասխանեցնելու համար: Առաջին հինգը վերաբերում են նրան, թե ինչպես պետք է «Google»-ը օգտատերերին տեղեկացնի վեբ-էջ այցելելու եւ անձնական տեղեկատվության, այդ թվում`գեոլոկացիոն նշանների եւ բանկային քարտերի տվյալների մասին:





























