Վրաստանի Կառավարության կազմին դժվար է գնահատական տալ, մինչեւ չսկսեն աշխատել եւ չլինեն կոնկրետ արդյունքներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:

Անդրադառնալով խնդրին, թե որքանով հայանպաստ կլինի նոր կառավարության գործունեությունը, նա առանձնացրեց երկու ուղղություն` կրթություն եւ մշակույթ: Առնոլդ Ստեփանյանի խոսքով` մշակույթի նախարարը շատ դրական մարդ է, մեծ ավանդ ունի Վրաստանում, շատ հանդուրժող է: Ի դեպ, վերջերս հայերի հետ հանդիպմանը նա ապագա նախարարի հետ զրուցել է, պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակումից հետո հանդիպելու եւ զրուցելու Վրաստանի հայ համայնքի խնդիրների մասին: Մշակույթի նախարարի հետ հանդիպումը կլինի հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին:

Կրթության նոր նախարարին Առնոլդ Ստեփանյանն անձամբ չի ճանաչում: Նախեւառաջ, նրա խոսքով, պատրաստվում են նրան ուղարկել իրենց տեսակետը, թե ինչպես են պատկերացնում ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծումը եւ սպասել պատասխանի: «Կփորձեն հանդիպել նրա հետ:  «Վրացական երազանքի» նախընտրական ծրագրում նշվում էր հայկական դպրոցների փակման գործընթացը կասեցնելու մասին»,- նշեց Առնոլդ Ստեփանյանը: Կառավարության մինչ այս հրապարակված կազմում` նախարարների մակարդակով,  հայեր չկան, իսկ փոխնախարարների մասին վաղ է խոսելը: Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ չի բացառվում, որ մի քանի հայ փոխնախարարներ լինեն, սակայն դա պարզ կլինի առաջիկայում:

«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավարը նշեց, որ  վաղը Վրաստանի հայկական համայնքում նախատեսված է հանդիպում, որտեղ որոշելու են, թե հայկական համայնքից ում են ներկայացնում Վրաստանի իշխանություններին` նոր կառավարության կազմում աշխատելու համար: Առնոլդ Ստեփանյանի տվյալներով` հայկական համայնքը վրացական կառավարությունում աշխատելու համար պատրաստվում է ներկայացնել մոտ 15-16 ներկայացուցիչ:

Նշենք, որ Վրաստանի վարչապետի թեկնածու, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերի 16-ին ներկայացրել է Վրաստանի նոր կառավարության նախարարական պաշտոնների թեկնածուների ցուցակը: Նախնական ցուցակը ներկայացվել էր հոկտեմբերի 8-ին, բայց դրանից հետո փոփոխություններ եւ լրացումններ էին կատարվել:

Հիշեցնենք, Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» հաղթել է Վրաստանի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում։ Գործող նախագահի «Միասնական ազգային շարժումը» դարձել է ընդդիմություն։