Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար, ծովակալ Ջամպաոլո Դի Պաոլային:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Ջամպաոլո Դի Պաոլայի այցը մեր երկիր եւ ընդգծել, որ Հայաստանը կարեւորում է Իտալիայի հետ բազմաշերտ համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում երկկողմ կապերի ամրապնդումը:
Երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ Իտալիայի պաշտպանության նախարարի այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրմամբ կձեւավորվեն այդ ոլորտում երկկողմ փոխգործակցության ծավալման իրավական հիմքերը:
Զրուցակիցները բարձր են գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-իտալական բարեկամական կապերը, որոնք, նրանց համոզմամբ, ամրապնդվում են նաեւ տարբեր մակարդակի փոխայցելություններով:
Իտալիայի պաշտպանության նախարարը նշել է, որ հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին քաջածանոթ է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում պահվող արժեքավոր աշխատություններից եւ անչափ տպավորված է համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերի ունեցած մեծ ներդրումով:





























