«Հրապարակը» գրում է. «Ինչպես մեր թերթին երեկ տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, Ծառուկյանը Երեւանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատի 135-ամյակի առիթով հրավեր է ուղարկել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների բոլոր դեսպաններին, միջազգային կազմակերպություններին:
Հրավերքն ընդունել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ռումինիայի… Բելառուսի, նույնիսկ Չինաստանի դիվանագիտական ներկայացուցիչներն իրենց տիկնանց հետ:
Ինչպես նկատում եք, «Կոնյակի գործարանում շրջայց կատարած, հայկական կոնյակագործության պատմությանը ծանոթացած, գինի ու կոնյակ համտեսած» անչափ ներկայացուցչական «տուսովկայում» չկա Ռուսաստանի դեսպանը` ոչ անհայտ Վյաչեսլավ Կովալենկոն: «Ինչո՞ւ» հարցին ռուսական կողմի ոչ պաշտոնական բացատրությունը հետեւյալն էր. «Երեքշաբթի ո՞վ է գնում խմելու»: Պաշտոնական պատասխանն էլ հետեւյալն էր. ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ս. Ստեպաշինն է Հայաստանում, «զբաղված ենք»: Չնայած գիտենք, որ նա Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հյուրն է:
Կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը պարզապես դեմարշ է արել ոչ միայն Ծառուկյան-Հեֆերն հանդիպման, այլեւ արեւմտյան բլոկի նկատմամբ ԲՀԿ այսօրինակ ուշադրության համար: Ի դեպ, հարցին, թե Օսկանյանի հարցը քննարկվե՞լ է ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Ես ներկայացրի հանդիպման փաստը, այլ մանրամասների չեմ տիրապետում»:





























