ԱՄՆ-ում ավարտվել է նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի եւ Միթ Ռոմնիի նախընտրական հեռուստաբանավեճի երկրորդ փուլը: ԱՄՆ-ի գործող նախագահը եւ հանրապետական կուսակցության թեկնածուն առաջին րոպեներից սկսել են բուռն բանավիճել:
Խոսելով նոր աշխատատեղերի ստեղծման եւ երկրի էներգետիկական անկախության մասին` նրանք մի քանի անգամ ընդհատել են իրար եւ մեղադրել: Գործող նախագահը Միթ Ռոմնիին մեղադրել է նրանում, որ վերջինս պաշտպանում է նավթային ընկերությունների, այլ ոչ թե հասարակ ամերիկացիների շահերը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թեկնածուներին հարցեր են տվել ոչ թե փորձառու լրագրողները, այլ ընտրողները: Ըստ փորձագետների գնահատման` այս անգամ հեռուստաբանավեճն ավելի ագրեսիվ է եղել:
Կես ժամվա ընթացքում թեկնածուները հասցրել են պատասխանել 15 հարցի: Նրանք անդրադարձել են գործազրկության, տնտեսության, միգրացիոն քաղաքականությանը հարցերին:
Հասարակական կարծիքի հարցումները վկայում են Բարաք Օբամայի հաղթանակի մասին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
CNN-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հեռուստադիտողների 46%-ը նախընտրել են Օբամային, 39%-ը` Ռոմնիին: Ըստ CBS-ի հարցումների` 37% -ն ընտրել են Օբամային, իսկ 30% -ը` Ռոմնիին: Ըստ CNBC-ի` 56%-ը կարծում են, որ բանավեճում հաղթել է Օբաման, իսկ 39%-ը` Ռոմնին, 5% -ն էլ` ոչ-ոքի:
Ինչպես նշում են մասնագետները, բանավեճում հաղթելը դեռեւս չի երաշխավորում նախագահական ընտրությոններում հաղթանակը:
Վերջին հարցումները ցույց են տվել, որ Օբաման եւ Ռոմնին նոյեմբերի 6-ին հաղթելու գրեթե հավասար հնարավորություններ ունեն: Եթե ընտրությոնները կայանային այժմ, ապա գործող նախագահի օգտին կքվեարկեին ամերիկացիների 46%-ը, իսկ Ռոմնիի օգտին` 43%-ը: Օբամայի եւ Ռոմնիի միջեւ հեռուստաբանավեճի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին եւ նվիրված կլինի արտաքին քաղաքականությանը: ԱՄՆ-ի նախագահի ընտրություները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:





























