Հանրապետական Միթ Ռոմնիի հետ հեռուստաբանավեճի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր վրա է վերցրել Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի եւ հյուպատոսության երեք աշխատակիցների մահվան պատասխանատվությունը։ Նա դա ասել է՝ պատասխանելով հարցին, թե ով էր մեղավոր դիվանագետների թույլ պաշտպանության գործում։
Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ին մեղքն իր վրա էր վերցրել պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Նրա խոսքերը մեկնաբանելով՝ Օբաման ընդգծել է. «Նա իմ աշխատողն է։ Ես նախագահ եմ եւ միշտ էլ պատասխանատվություն եմ կրում»։
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հարցը մեկնաբանել է նաեւ Միթ Ռոմնին՝ նախագահի աշխատակազմին մեղադրելով դիվանագետի մահը քաղաքական նպատակներով շահարկելու փորձի մեջ։
Նյու Յորք նահանգի Հեմփսթեդում հոկտեմբերի 16-ին կայացած հեռուստաբանավեճը երկրորդն էր։ Երկրորդ փուլի արդյունքում, ըստ մասնագետների, հաղթել է Օբաման։ Առաջինից հետո նրան պարտված էին համարում։ Իսկ հոկտեմբերի 11-ին փոխնախագահի թեկնածուներ Ջո Բայդենի եւ Փոլ Ռայանի բանավեճն ավարտվել էր ոչ-ոքի։





























