Ճապոնական կառավարությունը քննարկում է ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում Նոբելյան դափնեկիր Սինյա Յամանկայի համար լվացքի նոր մեքենա գնելու նպատակով անձնական միջոցներից  5 - 10 հազարական իեն (60 - 120 դոլար) հատկացնելու հարցը: Նման առաջարկ է ներկայացրել Ճապոնիայի լուսավորության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Մակիկո Տանական:

Գործընկերներից ոչ ոք չի առարկել, սակայն անհրաժեշտ է քննարկել նման որոշման օրինականության հարցը:

Ինչպես The Japan Times-ին վկայակոչելով գրում է  NEWSru.com-ը, նման առաջարկ ստացվել է, քանի որ, երբ 50-ամյա Սինյա Յամանկային զանգահարել են հայտնելու Նոբելյան մրցանակ ստանալու լուրը, վերջինս նորոգելիս է եղել իր հին լվացքի մեքենան:

Սինյա Յամանկան եւ նրա բրիտանացի գործըկեր Ջոն Գերդոնը պատվավոր մրցանակին արժանացել էին հասուն բջիջների վերածրագրավորման մեխանիզմը նկարագրելու համար, ինչը հետագայում գործնական հեռանկարներր է ստեղծում հյուսվածքների, անգամ` օրգանների աճեցման համար:

Այս տարի Նոբելյան մրցանակի չափը  1,1 մլն դոլար է` 20%-ով կրճատվելուց հետո: