Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին:  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը, որի կազմում ներառված են ներկայացուցիչներ ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովից, Առեւտրի ներկայացուցչի գրասենյակից եւ Միջազգային զարգացման գործակալությունից,  կգլխավորեն ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը եւ ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը:

Այս տարի նաեւ նշվում է հայ-ամերիկյան հարաբերութունների քսանամյակը: Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի գործունեությունը երկու երկրների միջեւ տեւական ու ամուր կապերի վառ օրինակ է: Այս տարվա հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն առեւտրի ու ներդրումների խթանումը եւ էներգետիկ ոլորտում համագործակցության մեծացման հնարավորությունները:

Նշենք, որ 1999թ. ձեւավորված Հայ-ամերիկյան աշխատանքային խումբը ամենամյա հանդիպումներ է ունենում, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկել տնտեսական կապերը խորացնելու ուղիները եւ հարթակ են ապահովվում առեւտրին ու ներդրումներին վերաբերող հարցերը քննարկելու համար: