Իտալիան մեծ նշանակություն է տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հոկտեմբերի 17-ին Երեւանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է Իտալիայի Պաշտպանության նախրար Ջամպաոլո Դի Պաոլան: Նա հիշեցրել է, որ Իտալիան հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որը աջակցում է Հայաստանին եւ Ադրբեջանին հակամարտության կարգավորման հարցում:
Ինչպես ընդգծել է իտալացի նախարարը, այս հակամարտության կարգավորումը ռազմավարական նշանակություն ունի ոչ միան տարածաշրջանի, այլ նաեւ ողջ Եվրոպայի անվտանգության համար:
Ջամպաոլո Դի Պաոլան հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել հարաբերությունները կառուցել վստահության հիման վրա եւ հավատարիմ մնալ բոլոր ժողովուրդների բարօրությանը եւ բարգավաճմանը նվիրված Հելսինկյան ամփոփիչ արձանագրությանը:
Իտալիայի Պաշտպանության նախարարը եռօրյա այցով Հայաստան է ժամանել, որի շրջանակներում նախօրեին տեղի է ունեցել Դի Պաոլայի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:





























