Նախօրեի երեկոյան Սիրիայի պետական հեռուստատեսության գլխավոր թողարկմամբ սյուժե է ցուցադրվել Հալեպում Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնության բաշխման գործընթացի վերաբերյալ:

«Հալեպում սկսվել է բարեկամ եւ եղբայրական Հայաստանից ստացված օգնության բաշխումը». հաղորդավարի այս խոսքերը ներկայացրել են հեռուստաալիքի հատուկ թղթակցի ռեպորտաժը, որն արդեն մի քանի ամիս է աշխատում է Հալեպում:

Եթերում ցուցադրվել են մարդասիրական օգնությամբ արկղերը, որոնք բաժանում է Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության Հալեպի մասնաճյուղը: Ինչպես նշվել է Սիրիայի պետական հեռուստատեսության ցուցադրած սյուժեում, «սիրիական ժողովրդին հայ ժողովրդի կողմից օգնություն է հատկացվել` աջակցելու ահաբեկչության եւ պատժամիջոցների հետեւանքներին դիմակայելուն»: Հետո կադրում հայտնվել է Հալեպի նահանգապետ Վահիդ Աքադը, որը հայ ժողովրդին շնորհակալություն է հայտնել սիրիացիներին դժվար պահին օգնություն հատկացնելու համար:

Հաղորդվել է նաեւ, որ մարդասիրական օգնությունը կբաշխվի առավել շատ տուժած ընտանիքներին, որոնց ցուցակները համատեղ կազմել են  Սիրիայի Կարմիր Մահիկի միջազգային կազմակերպությունը, Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմը եւ Հայաստանի դեսպանատունը:

Հիշեցնենք, «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակում Հայաստանից 15 տոննա մթերք է ուղարկվել Հալեպ: