2011-ի փետրվարին ստորագրված եռակողմ կոալիցիոն հուշագիրը չի կարող ուժի մեջ լինել, որովհետեւ չկա այդ կոալիցիան, չկա այդ կառույցը, որը այդ փաստաթուղթը ստեղծել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:
«Համենայն դեպս, չկա այն կառույցը, որը ստեղծել էր այդ փաստաթուղթը` դրանից բխող փաստերով, իրողությամբ, ոչ թե որեւէ կողմի ցանկություններով, մեկնաբանություններով»,- ասաց նա` միաժամանակ ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր հուշագրի ստորագրման մասին խոսակցությունները որակելով անհիմն:
Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի ցանկությունը վարչապետի պաշտոնն է եւ նրանք չե՞ն ցանկանում Կառավարության ղեկավարի փոփոխություն, նա նշեց, որ իրենց դժգոհությունը նշանակում է, որ իրենք դժգոհ են, իսկ իրենց ցանկությունն է երկիրը հանել զարգացման եւ առաջընթացի նոր փուլ, ապահովել բարեկեցություն, մնացած ամեն ինչ բխում եւ կարող է բխել միմիայն դրանից:
«Ցանկացած քայլ, որ ԲՀԿ-ն կատարում է կամ ձգտում է կատարել, բխում է ֆունդամենտալ ցանկություններից` կյանքի որակի փոփոխությունը, հայաստանցիների բարեկեցություն»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: Վարչապետի պաշտոնում ում եք տեսնում հարցին էլ նա պատասխանեց, որ այդ հարցը օրհասական չէ իրենց մոտ:





























