Աշխատանքային այցով Երեւանում է ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու երկու երկրների Բարձրագույն վերահսկիչ կառույցների խորհուրդների համատեղ նիստին:

ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունից հայտնում են, թե այցի շրջանակում է հաստատվել են «Հայաստան-Ռուսաստան պարենային ապրանքների ներմուծման եւ արտահանման կարգավորման հարցերի համատեղ վերահսկողության» արդյունքները: Համատեղ նիստում ամփոփվել է   2010-2012 թվականների համագործակցության ծրագիը:

Երկու երկրների վերահսկիչ կառույցների ղեկավարները ստորագրել են  ՀՀ ՎՊ եւ ՌԴ ՀՊ 2013-2015 թվականների համագործակցության ծրագիրը: Նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել մի շարք վերահսկողական միջոցառումներ, ինչպես նաեւ փորձի եւ տեղեկատվության փոխանակմանն ուղղված համատեղ այլ աշխատանքներ:

Նշենք, որ ՀՀ եւ ՌԴ բարձրագույն վերահսկիչ մարմինների միջեւ համագործակցությունը սկսվել է դեռեւս 2003թ-ից եւ մինչեւ այսօր իրականացվել են հետեւյալ ծրագրերը. 

-Ռուս-Հայկական /Սլավոնական/ համալսարան` 2004թ., 2012 թ.:

-Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության ՀՀ-ում Սահմանապահ Վարչությունում` 2004թ., 2007թ., 2010թ.:

-Հայ-Ռուսական համատեղ մասնակցությամբ գործող կազմակերպությունների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման, պետական բյուջեից հատկացված միջոցների եւ պետական սեփականության հանդիսացող գույքի օգտագործում` 2005թ.:

- Հայաստան-Ռուսաստան պարենային ապրանքների ներմուծման եւ արտահանման կարգավորման հարցերի համատեղ վերահսկողություն` 2012թ.:

Իշխան Զաքարյանի ուղեկցությամբ Սերգեյ Ստեպաշինի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ ծաղկեպսակ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 

ՌԴ Հաշվիչ պալատը 2000թ.-ից ղեկավարում է Սերգեյ Ստեպաշինը: Այդ կառույցի միջազգային հեղինակությունը շատ մեծ է: Այն Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) հատուկ հանձնաժողովների, կոմիտեների եւ աշխատանքային խմբերի առավել ակտիվ անդամներից է: ՌԴ հաշվիչ պալատը ղեկավարում է INTOSAI «Ազգային առանցքային ցուցանիշների» հանձնաժողովը, որին անդամակցում է նաեւ ՀՀ ՎՊ-ն: ՌԴ հաշվիչ պալատի, մասնավորապես Ս. Ստեպաշինի նախաձեռնությամբ, դեռեւս 2000թ.-ին ստեղծված ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի շրջանակներում երկու երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների համագործակցությունը նույնպես արդյունավետ է: