Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր` հոկտեմբերի 17-ին, մեկ տարվա ազատազրկման է դատապարտել «Փուչիկների» գործով մեղադրվող Սերոբ Բոզոյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  նրա պաշտպան Կարեն Մանուչարյանը: Նիստի ընթացքում նա ներկայացրեց պաշտպանական ճառը եւ միջնորդեց դատարանին պայմանական պատիժ կիրառել: Նա նաեւ նշեց, որ իր պաշտպանյալը քաղցկեղով հիվանդ է: Հարցին, թե այդ հանգամանքը դեր չխաղաց որպես մեղմացուցիչ դեպք հանցանաց, նա նշեց, որ չի կարող ասել, թե որքանով դա դեր խաղաց:

Իր վերջին խոսքում ամբաստանյալ Սերոբ Բոզոյանը նշել էր, թե մեղավոր է ճանաչում իրեն, նա նաեւ խնդրել է որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկել այն, որ փուչիկները լցնելուց առաջ կազմակերպիչներին տեղյակ է  պահել մեթանի վտանգավորության մասին:

Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:

Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը: