Ակնհայտ չափազանցություն է Վրաստանը որպես գինու օրրան ճանաչելը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վեդի Ալկո» ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանը: Նրա խոսքով՝ գինու օրրանը հարավկովկասյան տարածաշրջանն է՝ կովկասյան լեռներից հարավ ընկած տարածքը:
Նշենք, որ վրացական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ Եվրոպայի ներքին շուկայի հարմոնիզացիայի գործակալությունն (OHIM, զբաղվում է ապրանքային նշանների գրանցմամբ) արդեն իսկ գրանցել է «Վրաստան. գինու օրրան» բրենդը: Սա նշանակում է, որ Վրաստանը բացառիկ իրավունքներ է ձեռք բերում եվրոպական շուկա դուրս բերել գինիներ` «Վրաստան- գինու բնօրրան» գրությամբ, ինչպես նաեւ` արգելել ցանկացած այլ ընկերության օգտագործել այդ անվանումն առանց թույլտվության:
Մ. Ղազարյանի տեղեկացմամբ՝այս որոշումը էական ազդեցություն չի ունենա դեպի Եվրոպա հայկական գինիների արտահանման ծավալների վրա, քանի որ Եվրոպայում հայկական գինին դեռ ճանաչված չէ, թեեւ «Արենի» եւ «Վերնաշեն» գինիները որակով չեն զիջում վրացականներին: Նույնիսկ ռուսական շուկայում Ադրբեջանն ավելի շատ գինի է արտահանում, քան Հայաստանն ու Վրաստանը:





























