Ես ինքս հանդես չեմ եկել միջոցառման կազմակերպիչ, միջոցառման կազմակերպիչը ես չեմ, չգիտես ինչի` մարդիկ փորձում են դա չլսել, կամ էլ ձեռ չի տալիս դա լսել, հատկապես նրանք, ովքեր փորձում են այդ դժբախտ պատահարը օգտագործել իմ դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը` անդրադառնալով «Փուչիկների» գործով ամբաստնայլ, քաղցկեղով հիվանդ Սերոբ Բոզոյանին մեկ տարվա ազատազրկման դատապարտելուն եւ իր հասցեին հնչող մեղադրանքներին:

«Ես ինձ մեղավոր չեմ զգում, ինչի՞ պիտի զգամ, որովհետեւ ես որեւէ կազմակերպչական խնդիրներով չեմ զբաղվել: Բայց ընդհանուր առմամբ, որ մեր իրականության մեջ նման ապրանք կարող է վաճառվել, դա նշանակում է, որ մենք մեղավոր ենք բոլորս, մենք դրա դեմ չենք պայքարում, նման ապրանքները կիրառվում է մեր կենցաղի մեջ»,- ասել է նա:

Նա նշեց, որ ցավում է, որ մարդիկ այդ դժբախտ պատահարը փորձում են շահարկման թեմա դարձնել, ցույց են տալիս, թե հետաքրքված եւ մտահոգված  են ուրիշների ճակատագրերով. «Խորհուրդ կտայի այդ մարդկանց իրենց ճակատագրերը թողած ուրիշների ճակատագրերի մասին չմտածեին»,- ասաց պատգամավորը` նշելով, որ այդ շահարկումները անողներին երբեք ու երբեք չի հետաքրքրել տուժած երեխաների վիճակը, երբեք  նրանց չեն այցելել եւ այլն: Դատավճռից հետո նա ավելորդ է համարում ցանկացած մեկնաբանություն տալուց, իսկ այն մարդկանց, ովքեր փորձում են թարմացնել եւ դիվիդենտներ շահել, խորհուրդ է տալիս իզուր ժամանակ չծախսել, որովհետեւ անարդյունավետ աշխատանք է: «Բոզոյանը ճանաչել է իր մեղքը, ավելի քան համոզված եմ, որ Բոզոյանը անձամբ չի էլ պատկերացրել այդ վտանգի մասին եւ հնարավոր հետեւանքների մասին»,- նշեց պատգամավորը:  Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր` հոկտեմբերի 17-ին, մեկ տարվա ազատազրկման է դատապարտել «Փուչիկների» գործով մեղադրվող Սերոբ Բոզոյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  նրա պաշտպան Կարեն Մանուչարյանը: Նիստի ընթացքում նա ներկայացրեց պաշտպանական ճառը եւ միջնորդեց դատարանին պայմանական պատիժ կիրառել: Նա նաեւ նշել է, որ իր պաշտպանյալը քաղցկեղով հիվանդ է:

Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:

Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը: