Հայաստանի 2013թ. բյուջեի նախագիծը խթանում է սպառումը, ոչ թե տնտեսությունը: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Սպառողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Ըստ նրա` դրանում արդյունաբերության շահերը հարկ եղած չափով հաշվի չեն առնվել: Դա հաստատվում է սպառողի վճարած ուղղակի եւ անուղղակի հարկերի (հիմնականում`ԱԱՀ) հարաբերակցությամբ: Դրանց հարաբերակցությունը 65% - 25% է եւ վկայում է, որ բյուջեն ներդրումային բնույթի չէ:
Տնտեսական հարաբերությունների զարգացման համար 2013թ. 300 մլն դրամ կհատկացվի (շուրջ 740հազար դոլար): Թիվը, նշել է նա, մեծ չէ, բայց նման ծախսերի առկայությունը կարելի է դրական բնութագրել: Այնուամենայնիվ, բյուջեն կրկին կառուցվում է ոչ թե փոքր ու միջին, այլ խոշոր բիզնեսի շահերից ելնելով, այսինքն` նպաստում է տնտեսական մենաշնորհներին:
Հիշեցնենք, համաձայն 2013թ. բյուջեի նախագծի` դրա ծախսային մասը նախատեսված է 1 տրլն 183 մլրդ դրամ, եկամտայինը`1 տրլն 59 մլրդ դրամ: Բյուջեի պակասուրդը կկազմի 124 մլն դրամ:



























