Եվրամիությունը հանդուրժողականության մասին օրենքի նախագիծ է ներկայացրել: Առաջիկայում օրենքի նախագիծը կքննարկեն ԵՄ հանձնաժողովները:
Օրենքի նախագծի մշակմամբ հինգ տարուց ավելի զբաղվել է Հանդուրժողականության եւ հաշտեցման հարցերով եվրոպական խորհուրդը եւ դրա նախագահ, Լեհաստանի նախկին ղեկավար Ալեքսանդր Կվասնյովսկին, փորձագիտական խմբում ընդգրկվել են գիտնականներ Իսրայելից, Էստոնիայից, Շվեյցարիայից եւ Գերմանիայից, հաղորդում է vesti.ru-ն:
Օրենքի գլխավոր նպատակը ռասիզմը, ազգային եւ կրոնական ճնշումները, հակասեմականությունն արմատախիլ անելն է: Դրա համար նախագծի հեղինակներն իրենց կանոններն են առաջարկում, որոնք մի կողմից ազատություն են երաշխավորում, օրինակ տեղաշարժման կամ կրոնի ազատություն: Սակայն մյուս կողմից էլ արգելում են հասարակական կարգի կամ պետանվտանգության խախտման դեպքում հանդուրժողականությունը որպես արդարացում կիրառելը:
Հանդուրժողականության եւ հաշտեցման հարցերով եվրոպական խորհուրդն իր պարգեւն է սահմանել՝ հանդուրժողականության մեդալ: Այս տարի այն շնորհել են Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչին եւ Սերբիայի նախկին նախագահ Բորիս Թադիչին: Նրանք հրապարակավ ներողություն էին խնդրել Բոսնիա եւ Հերցեգովինայում կատարած հանցագործությունների համար:
Առաջիկայում օրենքի նախագիծը կքննարկեն ԵՄ-ի հանձնաժողովները, ինչից հետո, հնարավոր է, այն առաջարկեն քննարկել ԵՄ-ի անդամ երկրներում:





























