Ռուս ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովին բնակարանի խուզարկությունից հետո տարել են Քննչական կոմիտե հարցաքննության:
«Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ գործողությունների համար եւ պատրաստ եմ ստի դետեկտորով ստուգում անցնել», - գնալուց առաջ լրագրողներին ասել է Ուդալցովը, հաղորդում է «gazeta.ru»-ն:
«Ինտերֆաքսն» իր հերթին հայտնում է, որ Ուդալցովին բնակարանից հանել են ՆԳՆ-ի հատուկ ջոկատայինները: Ուդալցովի օգնական Կոնստանտին Լեբեդեւին մոտ կանգնած աղբյուրը, որի բնակարանը եւս խուզարկել են, գործակալությանը պատմել է, որ խուզարկության ընթացքում հայտնաբերվել են որսորդական փամփուշտներ, ընդգծելով, որ Լեբեդեւն ունի որսորդական հրացան պահելու թույլտվություն:
«Ինտերֆաքսի» աղբյուրը նաեւ հայտնել է, որ Լեբեդեւին արդեն հասցրել են ՔԿ: Հոկտեմբերի 17-ին խուզարկում են նաեւ Պետդումայի պատգամավոր Իլյա Պոնամարյովի օգնական Լեոնիդ Ռազվոզժաեւի բնակարանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՔԿ-ն Սերգեյ Ուդալցովի, Լեոնիդ Ռազվոզժաեւի, Կոնստանտին Լեբեդեւի դեմ քրեական գործ է հարուցել: Գործը հարուցվել էր Վրաստանի անվտանգության եւ պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեի հետ հանդիպման տեսագրությունը քննելուց հետո: Հիշեցնենք, որ տվյալ հանդիպման տեսագրությունը ցուցադրվել է ՆՏՎ-ի «Բողոքի անատոմիա-2» ֆիլմում:




























