Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հոկտեմբերի 17-ին պաշտոնապես Վրաստանի վարչապետի թեկնածու է առաջադրել «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Վրաստանում հաղթել էր «Վրացական երազանք» կոալիցիան: Ըստ նախնական հաշվարկների՝ կոալիցիան նոր խորհրդարանում պետք է ստանա պատգամավորական 87 մանդատ, Սահակաշվիլիի կուսակցությունը՝ 63: Հոկտեմբերի 10-ին նախագահը բավարարել էր գործող կառավարության հրաժարականի դիմումը:
Ըստ Վրաստանի Սահմանադրության՝ երկրի նախագահը վարչապետի թեկնածությունը պետք է առաջադրի գործող կառավարության լիազորությունների դադարեցումից հետո 7 օրվա ընթացքում: Դրանից հետո վարչապետի թեկնածուն 10 օրվա ընթացքում պետք է ձեւավորի նոր կառավարություն եւ այն ներկայացնի խորհրդարանին: Նոր գումարման առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 21-ին Քութայիսիում գտնվող խորհրդարանի նոր շենքում:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ներկայումս Բուխարեստում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսին:




























