Հոկտեմբերի 20-ին տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների նախագծման առաջնության եզրափակիչը: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Համակարգչային խաղերի ստեղծմամբ հետաքրքրվողները հնարավորություն կունենան ոչ միայն տեսնել, այլեւ տեղում խաղալ հայ երիտասարդների կողմից ստեղծված համակարգչային խաղերը եւ բջջային հավելվածները:
Առաջնությանը գրանցվել էին 33 մասնակիցներ՝ 40 նախագծերով, որոնցից եզրափակիչ փուլ են անցել 19 նախագծեր՝ բջջային հավելվածներ, բջջային խաղեր եւ համակարգչային խաղեր:
Առաջնությանը մասնակցում են թե՜ գործող ընկերություններ, թե՜ պատանիներ, եւ թե՜ արտերկրում ապրող հայեր, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Իրանի քաղաքացիներ: Մասնակից ընկերություններն են «Իքս-Թեք» եւ «Վեբեքս Թեքնոլոջիս» ընկերությունները:
«Ներկայումս Հայաստանում գործում են համակարգչային խաղերի նախագծմամբ զբաղվող ավելի քան 10 ընկերություններ: Կարծում ենք` առաջնության մասնակիցների մի մասը կհամալրի այդ ընկերությունների աշխատակիցների թիվը, իսկ մի մասն էլ կստեղծի սեփական բիզնեսը տվյալ ոլորտում»,- նշել է Ինֆորմացիոն ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նշենք, որ առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա ժամը 11:00-17:00-ին, «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13): Նույն օրը` ժամը 17:00-ին, կամփոփվեն առաջնության արդյունքները: Կհայտարարվեն «Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ», «Լավագույն սցենար», «Լավագույն դիզայն», «Նորարարություն», «Լավագույն սոցիալական բջջ. հավելված», «Լավագույն ժամանցային հավելված», «Լավագույն հաղորդակցություն հավելված» եւ «Պատանիների առաջնություն» անվանակարգերում հաղթողների անունները եւ կշնորհվեն մրցանակներ:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը եւ «Օրանժ Արմենիան» արդեն երկրորդ անգամ նախաձեռնում են «Բաց Խաղ» համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների նախագծման առաջնությունը: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:





























