Չինաստանի պաշտոնյաները մտադիր են առաջին ատոմային ռումբի ստեղծման վայրը վերածել զբոսաշրջային տեսարժան վայրի: Այդ մասին հայտնում է  բրիտանական «The Daily Telegraph» -ը՝ վկայակոչելով չինական պետական «Սինհուա» գործակալությանը:

Երկրի հյուսիս-արեւմուտքի Սինցզյան ինքնավար մարզի այդ շրջանում կծախսվի 6 միլիոն յուան (959 000 դոլար): Նախագիծն իրագործվում է տեղական ինքնակառավարման մարմինների եւ Պեկինի Ցինխուայի համալսարանի կողմից:

Զբոսաշրջիկները կարող են այցելել գիտնականների լաբորատորիան եւ հանրակացարաններ, օդային հարվածի դիմակայելու համար կառուցված 300 մ-անոց թունելը նույնպես պետք է վերանորոգվի եւ ցուցադրվի: Ըստ «BBC»-ի՝ պաշտոնյաները հայտարարել են, որ Մալանի կայանը կվերածվի «զբոսաշրջության կարմիր օբյեկտի», որոնք ընտրվում են Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից՝ պատմության կարեւորագույն իրադարձությունները նշելու համար: 

Այդ տարածքում երկիրը ատոմային ռումբեր էր փորձարկել 1960-ականներից, իսկ առաջին գրանցված պայթյունը տեղի է ունեցել Մալանի մոտակա անապատում՝ 1964 թվականի հոկտեմբերի 16-ին: Դրանից հետո  իրագործվել են միջուկային  40 փորձարկումներ` մինչեւ 1996 թվականը, երբ կառավարությունը հայտարարել էր, որ դադարեցրել է իր միջուկային ծրագիրը: