«Զվարթնոց» օդանավակայանը վերսկսում է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը: Նա տեղեկացրեց, որ «Արմավիան» փոխանցել է 90 միլիոն դրամ եւ մինչեւ առավոտ կսպասարկեն չվերթները, իսկ վաղը ժամը 11-ին պարզ կլինի` կշարունակել սպասարկումը, թե ոչ: «Արմավիայի» ընդհանուր պարտքը «Զվարթնոցին» 3 միլիոն 360 հազար դոլար է,  որը պայմանագրով նախատեսված սահմանաչափից մեկ միլիոնով ավել է: Մեկնաբանելով «Արմավիայից» NEWS.am-ին հայտնած տեղեկությունը, թե չվերթների սպասարկումը դադարեցնելը կապված է նոր բաժնետիրոջ ի հայտ գալու հետ, Գեւորգ Աբրահամյանը նշեց. «Մենք շատ կուզեիք, իմանալ նոր բաժնետերերի մասին, որը ակնարկում է «Արմավիան», մենք որեւէ տեղեկություն չունենք` կա բաժնետեր թե ոչ եւ ով է»,- ասցա ան` վերահաստատելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել էր միմիայն պարտքերի կուտակման պատճառով:

Նշենք, որ «,Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել էր «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Մեր տեղեկություններով` պատճառը կրկին նույնն է. «Արմավիան» խոշոր պարտքեր ունի օդանավակայանին:

Ի դեպ, սեպտեմբերի կեսերին կրկին դադարեցվել էին «Արմավիա»-ի չվերթները, սակայն հետո «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը վերսկսել էր սպասարկումը, քանի որ պայմանավորվածություն էր ձեռքբերվել պարտքը վճարելու շուրջ:

Հիշեցնենք, «Արմավիայի» եւ   «Արմենիա միջազգային օդանավակայանների» (որին պատկանում է «Զվարթնոց» օդանավակայանը) հակասություններն արդեն մի քանի ամիս շարունակվում են: Մի քանի անգամ «Զվարթնոցը» դադարեցրել էր «Արմավիայի» թռիչքները` պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելու համար, սակայն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության էին եկել: