Ռուսաստանցի ընդդիմադիր,  «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը  Քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո ձերբակալվել է՝ կապված  «Բողոքի անատոմիա-2» ֆիլմի հետ:

«Սերգեյն SMS է ուղարկել. «Բռնվեք: Ինձ փակում են»»,- Ուդալցովի Twitter-ի միկրոբլոգում գրել է նրա կինը՝ Անաստասիան: 

Ավելի ուշ «Հանուն արդար ընտրությունների» միկրոբլոգում հաղորդագրություն է հայտնվել.  «Պաշտոնական: Ուդալցովը ձերբակալվել է: Առայժմ 48 ժամով: Շաբաթ  ժամը 12-ին ցույց է», հայտնում է «Ռոսբալտը»:

Ինչպես գրում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Սերգեյ Ուդալցովի ձերբակալման մասին որոշում կայացվել է նրա բնակարանի խուզարկությունից եւ  ՔԿ-ում նրա հարցաքննությունից հետո: Նա առայժմ 48 ժամով է ձերբակալվել:  Նրան կալանավորելու մասին որոշումը դատարանը կկայացնի առաջիկա 2 օրում: 

Հիշեցնենք, որ ՔԿ-ն Ուդալցովի եւ եւս 2 հոգու դեմ քրեական գործ էր հարուցել՝ կապված «Բողոքի անատոմիա-2» ֆիլմի հետ: Մասնավորապես, ֆիլմում պնդվում է, որ  ընդդիմադիրները մտադիր են եղել դրսի ֆինանսավորմամբ իշխանության բռնազավթում իրագործել: