Հոկտեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Իոաննիս Տաղիսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպանին նշանակվելու կապակցությամբ, նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-հունական ավանդական ջերմ եւ եղբայրական հարաբերությունները էլ ավելի կընդլայնվեն եւ կամրապնդվեն։ Նախարարը նշեց նաեւ, որ Հայաստանը մեծապես կարեւորում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության շարունակական զարգացումը Հունաստանի հետ:
Դեսպան Տաղիսը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ հավաստիացրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման եւ որակապես նոր մակարդակի բարձրացման համար:
Զրույցի ընդգծվեց, որ 2011-ին ՀՀ Նախագահի պետական այցելությունը Հունաստան, այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը կարեւոր լիցք հաղորդեց միջպետական հարաբերություններին։
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ կայացած հանդիպման ընթացքում վերջինիս արված Երեւան այցելելու հրավերը։
Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական կապերի, ռազմական համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ:
Զրուցակիցները անդրադարձան նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցությանը: Այս առումով գոհունակությամբ երկուստեք նշվեց, որ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանն իր արձանագրած առաջընթացով գտնվում է առաջնային դիրքերում։ Նախարար Նալբանդյանը հավելեց նաեւ, որ ավարտին են մոտենում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, նախատեսվում է, որ վաղը Բրյուսելում կնախաստորագրվի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, դինամիկ եւ կառուցողական կերպով առաջ են գնում խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:
Հայաստանի արտգործնախարարն ու Հունաստանի դեսպանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների շուրջ:





























