Ոուսաստանցի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ռուս լրագրողներին մեծ փողեր է հատկացրել  իր PR-ի համար, այնինչ «վերջիններս չգիտեն, թե ով է Բիձինա Իվանիշվիլին»:  Կանդելակին դա ասել է «Քվելա սիախլե» թերթի հետ հարցազրույցում:

«Այդ պատճառով էլ ռուս լրագրողներն ինձ ասում են, թե Սահակաշվիլին ազգային առաջնորդ է: Իսկ ես վաղուց եմ ասում, որ նա միայն իր «Ազգային շարժման» առաջնորդն է», – հայտարարել է Թինա Կանդելակին, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:  Կանդելակին պատրաստվում է շուտով Թբիլիսի ժամանել եւ հարցազրույց վարել Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Թինա Կանդելակին, որը նախկինում ասում էր, որ  մերժել է Սահակաշվիլիի` սեռական մերձեցման  առաջարկը,  ասել է նաեւ, որ շուտով  վրացի շատ աղջիկներ բացահայտ կխոսեն  վրացական առաջնորդի ոտնձգությունների մասին:

Հիշեցնենք, ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ Կանդելակին որեւէ պաշտոն կստանա Իվանիշվիլիի կառավարությունում. նշվում էին Ռուսաստանում Վրաստանի դեսպանի եւ փոխվարչապետի պաշտոնները, սակայն «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հերքել են այդ լուրերը: