Վերջին տարիներին Թուրքիայում բավականին վատ կարծիք է ձեւավորվել Եվրամիության մասին,  եւ տարեց տարի ԵՄ դեմ տրամադրվածների թիվն ավելանում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԵՊՀ արեւելագիտության  ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:

Փորձագետի խոսքով` համաձայն Թուրքիայում ամեն տարի անցկացվող հարցման արդյունքների`  ԵՄ անդամակցել ցանկացողների թիվը նվազում  է, եւ ներկայումս կազմում է ընդամենը 40%: «Բնական է, որ Թուրքիայի կառավարությունը, ցանկանալով գոհացնել սեփական ժողովրդին,  ոչ հաճելի արտահայտություններ է թույլ տալիս ԵՄ հասցեին: Էկոնոմիկայի նախարարի վերջին հայտարարությունն իր տեսակի մեջ եզակի չէր. բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն ամիս հանդես են գալիս Եվրոպայի եւ ԵՄ հասցեին կոշտ հայտարարություններով»,-նշեց թուրքագետը:

Մելքոնյանը կարծում է, որ թուրք պաշտոնյաների նման վարքագիծը նաեւ  կապված է Մերձավոր Արեւելքում կատարվող իրադարձությունների հետ: «Նույն Եվրոպան Թուրքիային լիազորություններ է տվել, եւ նա, օգտվելով որոշ հարցերում մենաշնորհից, իրեն թույլ է տալիս եվրոպական քաղաքակրթությանը վիրավորանք հասցնել:  Այս ամենը պետք է արթնացնի Եվրոպայի զգոնությունը: ԵՄ երկրները պետք է հասկանան, որ Թուրքիան շարունակում է հետամնաց երկիր մնալ` համամարդակային արժեքների տեսակետից, եւ նա իսկապես տեղ չունի ԵՄ-ում»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը:

Նշենք, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը ԵՄ-ն համարել էր  աշխարհի ամենակեղծավոր կառույցը: Նա ասել էր, որ ԵՄ-ն արդեն 50 տարի իր երկրին ստիպում է սպասել դռների մոտ: Նրա կարծիքով՝ «կգա այն օրը, երբ իրենց կաղաչեն մտնել ԵՄ», իսկ Թուրքիան «օրվա վերջում» կորոշի, ուզում է, թե ոչ: