Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ այսօր` հոկտեմբերի 17-ին, «Հարսնաքարի» գործով դատական նիստին մերժեց 6 մեղադրյալի պաշտպանների միջնորդությունը` ԶԼՄ-ներին արգելել ձայնագրել կամ տեսալուսանկարահանել ցանկացած բան, ինչը կապված է իրենց պաշտպանյալների հետ: Նիստի ընթացքոում դատարանը հետաձգեց գործով նոր ապացույցների ձեռք բերման եւ մի շարք քննչական գործողությունների անցկացմանն ուղղված տուժող կողմի միջնորդությունների քննարկումը՝ մինչեւ գործի էական հանգամանքների պարզումը: Հաջորդ դատական նիստին, որը կկայանա հոկտեմբերի 22-ին, կքննարկվի պաշտպանական կողմի միջնորդությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք էր առաջադրել: Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):





























