Արեւմտյան Վրաստանում, Չիատուրա նահանգում հանքափորների եւ բանվորների գործադուլի հետ կապված չեն աշխատում հանքավայրերն ու գործարանները: «Georgian Manganese» ընկերության հանքափորների գործադուլի պատճառով կաթվածահար է եղել հինգ հանքերի եւ երեք գործարանների աշխատանքը:
Հանքափորներն ու աշխատողները պահանջում են աշխատավարձն ավելացնել 100%-ով: Գործադուլին ընդհանուր առմամբ մասնակցում է 3,7 հազ. մարդ: Այդ մասին «Նովոստի-Գրուզիային» ասել է «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Մալխազ Ծերեթելին: Նրա խոսքով` աշխատավարձի 10% բարձրացման մասին ընկերության վարչակազմի առաջարկությունը գործադուլավորների համար անթույլատրելի է: Չի բացառվում, որ առաջիկայում նրանք կտրուկ քայլերի կդիմեն, օրինակ, կփակեն երկաթուղին:
Ներկայումս լեռնագործների միջին աշխատավարձը 150-180 դոլար է:





























