Հանրապետական խմբակցության համար ընդունելի չէ Հայ ազգային կոնգրեսի` «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ ներկայացված օրենքի նախագիծը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով` մերժելի է նման սկզբունքային, արմատական փոփոխություններ ենթադրող նախագծերը նախընտրական ժամանակշրջանում բերել մտցնել, քննարկումների առիթ դարձնել: «Պետք չէ այդ կարեւորագույն հարցերը դարձնել նախընտրական փիառի կամ քաղաքական որոշակի դիվիդենտներ հավաքելու առիթ: Մենք լուրջ ենք վերաբերվում եւ ընտրական գործընթացներին, եւ ընտրական գործընթացների գործիքներին: Կարծում եմ` այդ ժամանակահատվածը տեղին չէ սկզբունքային փոփոխություններ իրականացնելու համար: Ես այստեղ քաղաքական որոշակի աշխուժության եւ դիվիդենտներ շահելու միտում եմ նկատում»,- ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ երբ «Ընտրական օրենսգիրքը» ներկայացրել էին այլ քաղաքական ուժերին, ՀԱԿ-ին եւս առաջարկել էին մասնակցել քննարկումներին, սակայն նրանք հայտարարել էին, թե չեն կարող մասնակցել, որ իշխանության քայլերը չլեգիտիմացնեն: Հովհաննես Սահակյանի խոսքով` եթե նրանց կողմից որոշակի առաջարկություններ կատարվեին, ապա դրանք քննարկումների արդյունքում հնարավոր է ընդունվեին, իսկ այսօր նման առաջարկով հանդես գալը «ընդամենը նախընտրական ժամանակշրջանում որոշակի ակտիվություն, աժոտաժ մտցնելու համար է արվում»:

«Մենք ԵԱՀԿ-ի հետ ունենք որոշակի պայմանավորվածություն եւ պահանջներ, որ ընտրություններից առաջ մեկ տարի ընդունելի չեն փոփոխությունները «Ընտրական օրենսգրքում», որովհետեւ այդ փոփոխությունները սկզբունքային եւ առարկայական են, պետք է ժամանակ, որ ընտրություների մասնակիցները եւ իրականացնողները կարողանան ծանոթանան, յուրացնել դրանք»,- ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղարը: Թե ինչպես կքվեարկի ՀՀԿ-ն այդ նախագծին, պարզ կլինի խմբակցության քննարկումներից եւ ԱԺ-ում քվեարկությունից հետո:

Նշենք, որ 2013 թ.-ի նախագահական ընտրություններին ընդառաջ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով։ Փաթեթի մեջ ներառված է նաեւ Բնակչության պետական ռեգիստրի եւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը։ Ընդդիմադիր խմբակցությունը մոտ 25 փոփոխություն է առաջարկում ընտրական օրենսգրքում։ Դրանց մեջ ներառված են նաեւ 2008 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ ՀԱԿ-ի արած առաջարկությունները՝ քվեարկողների մատների թանաքոտում, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրում, քվեարկությունից հետո ցուցակների հրապարակայնացում։ Առաջարկվում է նաեւ ընտրացուցակներից հանել Հայաստանում չգտնվող ընտրողներին եւ այլն։