Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը եվրոպական անվտանգության անբաժանելի մասն է: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` հոկտեմբերի 17 –ին Բուխարեստում հանդես գալով ԵԺԿ 21-րդ համագումարի ժամանակ:
Ինչպես NEWS.am –ին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սաքրգսյանն ընդգծել է, որ հայկական կողմն այլընտրանք չի տեսնում փոխզիջումների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին: «Վերջերս Եվրոպական միության անդամ երկրի կողմից արտահանձնված մարդասպանին հերոսացնելով` Ադրբեջանը մարտահրավեր նետեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը, ևս մեկ անգամ ապացուցեց, որ այլատյացությունն այդ երկրի պաշտոնական քաղաքականությունն է և անմիջական սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2004-ին Բուդապեշտում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը, ով Հունգարիայի արդարադատության կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, օգոստոսին արտահանձնվեց Ադրբեջանին: Այդ երկրի նախագահը մարդասպանին հերոսի կոչում շնորհեց:





























