ԱՄՆ-ում  սնկային մենինգիտի զոհ է դարձել 19 մարդ, վարակվածության դեպքերը հասել են 245-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհերի եւ 231 հիվանդների մասին:

Հիշեցնենք, որ հազվադեպ վարակի աղբյուրը գոտկատեղի բուժման համար ներարկվող վարակված դեղամիջոցն է:  Պարզվել է, որ դրանք տարածել է դեղագործական New England Compounding Center (NECC) ընկերությունը, որը վաճառքի թույլտվություն ունիամերիկյան  50 նահանգներում: Իշխանություններն անհապաղ հետ են կանչում տվյալ դեղամիջոցները եւ բնակչությանը կոչ են անում չօգտագործել դրանք: Վարակված հաբերը կարող են կիրառած լինել 14 հազար մարդ: Տուժածներից մեկն արդեն  NECC-ի դեմ հայց է ներկայացրել պատճառած վնասի համար: 

ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղանյութերի վերահսկման տեսչությունը հոկտեմբերի 17-ին ստուգում է անցկացրել Բոստոնի մերձակայքի ընկերությանը պատկանող գործարանում: Ըստ FDA-ի ներկայացուցիչների` գործարանի պայմանները չեն ապահովում դեղորայքների  ստերիլությունը, հայտնում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հիվանդության առաջին դեպքը գրանցվել է սեպտեմբերի 21-ին` Թենեսի նահանգում: Ներկայումս հիվանդության դեպքեր գրանցվել են նաեւ այլ նահանգներում` Ֆլորիդայում, Ինդիանայում, Մերիլենդում, Միչիգանում, Մինեսոտայում, Նյու Ջերսիում, Հյուսիսային Կարոլինայում, Օհայոյում եւ Վիրջինիայում: