Իրանական ծագմամբ ամերիկացի Մանսուր Արբաբսիարը Նյու Յորքի դաշնային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել Վաշինգթոնում սաուդյան դեսպան Ադել ալ Ջուբեյրայի դեմ մահափորձի նախապատրաստմանը մասնակցելու մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ-ն հայտարարել էր 2011 թվականի հոկտեմբերի 11-ին սաուդյան դեսպանի դեմ մահափորձի բացահայտման մասին: Գործով անցնում են 2 մարդ` Մանսուր Արբաբսիարը եւ Գոլամ Շաքուրին: Արբաբսիարը ձերբակալվել էր սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում, իսկ Շաքուրին մինչ այժմ հետախուզման մեջ է: Ըստ ՀԴԲ-ի` մահափորձի թիկունքում Իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» հատուկ ստորաբաժանումն է։ Դեսպանին նախատեսել էին պայթեցնել ռեստորանում: Հանցագործության կատարման համար Արբաբսիարը պատրաստվել է վարձել մեքսիկական թմրակարտելի անդամների, սակայն նրա հետ հանցագործի դերում զրուցել է ՀԴԲ-ի աշխատակիցը:
Հոկտեմբերի 17-ի լսումներում 58-ամյա Արբաբսիարը, պատասխանելով դատախազի հարցին, հաստատել է, որ դավադրությանը մասնակցել են Իրանի զինված ուժերի ներկայացուցիչները: Նա խոստովանել է, որ պատրաստ է եղել վճարելու 1,5 միլիոն դոլար Մեքսիկայի ինչ-որ թմրավաճառի, որպեսզի վերջինս իրականացներ դեսպանի սպանությունը: Որպես կանխավճար փոխանցվել էր 100 հազար դոլար: Թմրավաճառի դերում հանդես էր եկել ՀԴԲ-ի գործակալը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Արբաբսիարի դեմ դատը կսկսվի 2013 թվականի հունվարին: Նրան սպառնում է մինչեւ 25 տարվա ազատազրկում:
Պաշտոնական Թեհրանը կտրականապես հերքել է դավադրությանը իր հատուկ ծառայությունների մասնակցությունը: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ավելի վաղ դավադրության կազմակերպման «ներկայացումն» անվանել էր Իսլամական հանրապետությանը համաշխարհային հանրության աչքում վարկաբեկելու ԱՄՆ-ի հերթական փորձը:





























