ԱՄՆ-ում ձերբակալվել է դինոզավրների մաքսանենգ 39-ամյա Էրիկ Պրոկոպին, ով մեղադրվում է հանցավոր խումբ ստեղծելու մեջ, որը զբաղվել է դինոզավրների գողացված ոսկորների վաճառքով: Նրան սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ոստիկանությունը Պրոկոպի նկատմամբ սկսել է հետաքննութունն այն բանից հետո, երբ 2012 թ-ի մայիսին Նյու Յորքում տեղի է ունեցել աճուրդ, որտեղ 1 միլիոն 52 հազար 500 դոլարով վաճառվել է մոնղոլական տարբոզավրի կմախքը: Մինչեւ վաճառքի մեկնարկը, վաճառքը փորձել են կանգնեցնել Մոնղոլիայի իշխանությունները, ովքեր հայտնել են, որ կմախքը իրենց է պատկանում եւ պահանջել են ետ վերադարձնել այն: Չնայած այն հանգամանքին, որ վաճառքը այնուամենայնիվ տեղի է ունեցել, ԱՄՆ-ի իշխանությունները գնորդին խնդրել են կմախքը Մոնղոլիային վերադարձնել: Գործը դատարան է հասել եւ շուտով ԱՄՆ-ի իշխանությունները բռնագրավել են կմախքը, հաղորդում է «Լենտա.ru»-ն:
Աճուրդն իրականացնող Heritage Auctions ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ կմախքը նրանց է վաճառել Էրիկ Պրոկոպին: Հետաքննությունը պարզել է, որ Պրոկոպին նաեւ անօրինական ճանապարհով ԱՄՆ է ներմուծել մոնղոլական զավրոլոֆի կմախք եւ չինական միկրորապտորի ոսկորներ: Պրոկոպիի նկատմամաբ դատը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին:




























