Թվային իրավունքների ագրեգատոր VMA-ը Google, Apple եւ Microsoft ընկերություններին բողոքել է «ՎԿոնտակտե» սոցցանցից բջջային հավելվածների միջոցով չարտոնված բովանդակությամբ նյութեր տարածելու դեմ:
Այդ մասին հաղորդում է համապատասխան նամակների պատճենն ստացած «Իզվեստիա» ռուսական թերթը:
Ինչպես թերթին հայտնել է VMA-ի գլխավոր տնօրեն Կարեն Միրզոյանը, նրա ընկերությունը պահանջել է iTunes Appstore եւ Google Play թվային խանութներից հեռացնել «ՎԿոնտակտե»-ի հավելվածը կամ սոցցանցերին արգելել բջջային տարբերակում երաժշտություն լսելու եւ տեսագրություն դիտելու հնարավորությունն օգտագործելը: VMA-ն նամակում նշել է, որ սոցցանցում առանց իրավատերերի թույլտվության, ազատ հասանելիության նյութեր կան:
Միրզոյանը նշել է, որ սեպտեմբերի սկզբին մի քանի փորձ է կատարել Apple-ի հետ կապվելու` iTunes-ում «ՎԿոնտակտե»-ի կլիենտի տեղակայման հարցով, սակայն ընկերությունը չի արձագանքել, ինչն էլ հիմք է տվել կարծելու, որ Apple-ը սատարում է ռուսական սոցցանցին:
Ինչպես գրում է թերթը, «ՎԿոնտակտե»-ի դեմ VMA-ի պայքարն սկսվել է այն բանից հետո, երբ ընկերության հիմնադիր Արտաշես Անդրեասյանը չի կարողացել սոցցանցում իր երաժշտական ռեսուրսի` vma.ru-ի գովազդը տեղակայել: Նրանից պահանջել էին իրավատերերի հետ պայմանագիր ներկայացնել` համոզվելու համար, որ գովազդվող ռեսուրսը հեղինակային իրավունքներ չի խախտում:
Ի պատասխան Անդրեասյանը հրապարակավ «ՎԿոնտակտե»-ից պահանջել էր ներկայացնել իր կամ Enjoy Movies կինոընկերության հետ պայմանագրեր` ֆիլմերի տարածման վերաբերյալ: Պատասխան չստանալով նա ակտիվ գործողությունների է անցել:





























